Հասարակություն, Հետազոտություններ, Հիմնախնդիրներ, Հոդված, Մանկավարժական, Նախադպրոցական կրթություն, Նախակրթարաններ

Մանկապարտեզ չհաճախող մեծ թվով երեխաներ Շիրակի մարզի մի շարք համայնքներում

Գրաֆիկական_պատկեր_2

Graphic image about kindergartens

ՏԻՄ ամենակարևոր խնդիրներից է նախադպրոցական տարիքի երեխաներին նախադպրոցական կրթության մեջ առավելագույն չափով ներգրավելը, ինչը բնորոշ է եվրոպական երկրների մեծամասնությանը, որն ապագայում կրթված սերունդ, զարգացած պետություն ունենալու գրավականն է: Թեև ՀՀ կառավարությունը նպատակ ունի հանրապետության ՆԴՀ-ներում նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունն ընդլայնել, այդ նպատակով մի շարք ծրագրեր է մշակել, այս դրույթն արտացոլված է կառավարության մի շարք զարգացման ծրագրերում, սակայն սոցիալական կարևոր համարվող այս հիմնախնդիրը դեռևս չի կարգավորվում ՀՀ տնտեսության թույլ զարգացվածության, պետական բյուջեի միջոցների անբավարարության պատճառով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքում առկա զեկույցի համաձայն, 2017 թվականին 0-5 տարեկան բնակչության թվաքանակից երեխաների ընդգրկվածությունը քաղաքների ՆԴՀ-ներում կազմել է 36.6%, գյուղերում` 20.6%, որն ՀՀ-ում բավական փոքր ցուցանիշ է՝ պայմանավորված նաև հանգամանքով, որ հանրապետության մեծ թվով գյուղերում մանկապարտեզներ չկան:

«Կրթական քաղաքացիական նախաձեռնության» հետազոտության շրջանակներում  բացահայտել եմ Շիրակի մարզի որոշ համայնքներում մանկապարտեզ չհաճախող երեխաների թիվը, ներկայացրել հիմնական դրդապատճառները Շիրակի մարզում նախադպրոցական տարիքի երեխաների՝ մանկապարտեզ չհաճախելու, անդրադարձ է կատարվել համայնքապետարանների՝ Շիրակի մարզում նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառման դժվարություններին, իր մեջ պարունակելով վերլուծություն և փաստեր, ուսումնասիրվել է Գյումրու բյուջեն, իրականացվել վերլուծություն՝ պարզելու, արդյո՞ք հնարավոր է Գյումրու համայնքային մանկապարտեզների տարեկան ծնողական վարձավճարները փոխհատուցել քաղաքային բյուջեից կամ իրականացնել տարեկան ծնողական վարձավճարների մասնակի փոխհատուցում:

2019 թվականի մարտ ամսին Գյումրու համայնքապատկան մանկապարտեզներ  և Շիրակի մարզպետարանի ենթակայության՝ Գյումրիում գործող պետական հանրակրթական ուսումնական  հաստատությունների նախակրթարաններ հաճախած երեխաների թիվը կազմել է 3111-ը:

Շիրակի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության հիման վրա կատարված հաշվարկի արդյունքում պարզել եմ, որ 2018 թվականի համեմատ 2019 թվականին Շիրակի մարզի 22 համայնքների թվով 55 ՀՈԱԿ նախակրթարանների ֆինանսավորման  աճ է նախատեսված 44.251.100 դրամով կամ մոտ 4%-ով: Շիրակի մարզպետարանի տեղեկատվության համաձայն,  մարզի 19-ը համայնքում գործում է թվով 52 համայնքապատկան մանկապարտեզ, պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում գործող նախակրթարաններ առկա են մարզի 62 համայնքում:

Մարզում կան համայնքներ, որտեղ գործում են և´ համայնքային մանկապարտեզներ և´ դպրոցներում գործող նախակրթարաններ, ինչպես Գյումրիում, Արթիկում, Մարմաշենում: Որոշ գյուղական համայնքներում, որտեղ չկան համայնքային մանկապարտեզներ գործում են մարզպետարանի ենթակայության նախակրթարաններ՝ Կառնուտ, Գետք, Ջրառատ, Ղարիբջանյան  և այլ գյուղերում:

Հայաստանում նախադպրոցական կրթությունը վճարովի է.միայն մայրաքաղաք Երևանում են համայնքային մանկապարտեզներն անվճար, մինչդեռ Նախադպրոցական կրթության մասին օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է՝ ՀՀ-ում մանկապարտեզահասակ տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունքներ: Այն պետք է անվճար դառնա բոլոր երեխաների համար՝ այս հարցում բացառելով խտրական մոտեցումը:

Հաշվի առնելով սոցիալ-տնտեսական վատթարագույն ցուցանիշները, այս հարցում իշխանությունների ուշադրությունն առավել մեծ չափով պետք է սևեռված լինի Շիրակի մարզի, մասնավորապես Գյումրու վրա:

Ելնելով սոցիալ-տնտեսական վիճակից Շիրակի մարզում յուրաքանչյուր համայնք ինքն է որոշում, թե համայնքային մանկապարտեզ հաճախող մեկ երեխայի ֆինանսավորման համար համայնքային բյուջեից որքան գումար տրամադրի, իր հերթին ավագանին սահմանում է համայնքային մանկապարտեզների ծնողական վարձավճարները, որն ամենացածրն Ախուրյան համայնքում է՝ 3000 դրամ, համեմատաբար ցածր նաև Արթիկում՝ 6000 դրամ (Ախուրյանի և Արթիկի համայնքային մանկապարտեզներում առկա է ծնողական վարձավճարների միասնական համակարգ), Անի համայնքի Մարալիկի և Սառնաղբյուրի համայնքապատկան մանկապարտեզներում գործում է ծնողական վարձավճարների միասնական համակարգ՝ 5000-ական դրամ:

Շիրակի մարզի Անի համայնքում ամսական մեկ երեխայի պահպանման ծախսը կազմում է 18.099 դրամ, Ախուրյանում՝ 25.541 դրամ, Արթիկում՝ 31.224 դրամ, Գյումրիում 31.304 դրամ: Հաշվարկը կատարելիս հիմք եմ ընդունել տարեկան ծնողական վարձավճարների և համայնքապետարանների՝ համայնքային մանկապարտեզներին հատկացվող տարեկան դրամական միջոցների հանրագումարը: Գյումրու քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվությամբ, համայնքային բյուջեից համայնքապատկան մանկապարտեզ հաճախող մեկ երեխայի ամսական ֆինանսավորման չափը կազմում է 21.400 դրամ, որը ներառում է մանկապարտեզների աշխատավարձերը, էլեկտրաէներգիան, սնունդը, կոմունալ ծախսերը, կապը, գրասենյակային նյութերը, ընդհանուր բնույթի ծախսերը, գույքի ձեռքբերումը, շենքերի ընդհանուր նորոգումը, հատուկ նպատակային նյութերը, առողջապահական և լաբորատոր ծախսերը:

Թեև Գյումրու համայնքային բյուջեից համայնքային մանկապարտեզներին հատկացվում է բավական մեծ գումար՝  17.1%-ի չափով կամ 600.000.000 դրամից ավել, սակայն համայնքապատկան մանկապարտեզներն անվճար դարձնելու համար այս գումարը ոչ միայն բավարար չէ, այլև մանկապարտեզներում զեղչերից օգտվող երեխաների թիվը բավական փոքր է՝ ըստ Գյումրու քաղաքապետարանի՝ մինչև 330 երեխա:

Իմ հաշվարկով, հանրապետության ամենաաղքատ քաղաքում՝ Գյումրիում բյուջե/բնակչություն հարաբերակցության արդյունքում բյուջեից մեկ շնչին բաժին ընկնող գումարը մոտ 2.80 անգամ պակաս է Երևանում բյուջեից մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշից, որն հիմնավորվում է Գյումրու և Երևանի բյուջեի միջև առկա հսկայական տարբերությամբ.Գյումրու բյուջեն մոտ 26.46 անգամ պակաս է Երևանի բյուջեից:

Ըստ Երևանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության, մայրաքաղաքում մեկ երեխայի համար համայնքային բյուջեից ամսական ֆինանսավորման չափը նախկինում  կազմել է 22.500 դրամ, որն այժմ կազմում է 25.700 դրամ՝ հաշվի առնելով մայրաքաղաքում մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձի 20% բարձրացումը: Նաև յուրաքանչյուր մանկապարտեզին ամսական հատկացվում է պահպանման հաստատուն ծախսերի համար նախատեսված գումար՝ 650.000 դրամի չափով, մինչդեռ մյուս համայնքների մանկապարտեզներում աշխատավարձերի բարձրացման հնարավորություն գրեթե չկա:

Ըստ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2019 թվականի ծրագրում առկա տվյալների, աղքատության, այդ թվում՝ մանկական աղքատության մակարդակով  մարզն Հայաստանում առաջատարն է 44.3 և 51.8%-ով: Այս, նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքում առկա տվյալներով, հանրապետությունում Շիրակի մարզի միջին ամսական աշխատավարձի ամենացածր ցուցանիշն ունենալու, Գյումրու համայնքային մանկապարտեզներում ծնողական բարձր վարձավճարների պատճառով, (դրանք 5000-8000 դրամ են, ամեն մի մանկապարտեզում կարող են տարբեր լինել պայմանավորված ջեռուցման և այլ ծախսերով, ձևավորվում են կոմունալ, սննդի ծախսերից, լոկալ ջեռուցման համակարգ ունեցող մանկապարտեզում գազի մեկ ամսվա ծախսը կարող է 200.000-450.000 դրամ կազմել, կա մանկապարտեզ, որտեղ գազի սպառման ամսական վարձավճարը շատ ավելի փոքր է՝ ամսական 120.000-130.000 դրամ), իմ երկարաժամկետ դիտարկման արդյունքում,  վերջին 3 տարվա կտրվածքով մեծ թվով երեխաներ՝ Գյումրու 3-6 տարեկան մանկապարտեզահասակ երեխաների մոտ 38%-ը մանկապարտեզ չեն հաճախում, որը վերը նշված տարիներին մանկապարտեզ չհաճախած երեխաների միջինացված ցուցանիշն է: 2017 թվականին Գյումրու համայնքային մանկապարտեզներ չհաճախած երեխաների թիվը կազմել է 43.80%, 2018-ի վերջին Գյումրիում մանկապարտեզներ և նախակրթարաններ չհաճախած երեխաները կազմել են 3-6 տարեկան մանկապարտեզահասակ երեխաների 31.36%-ը, 2019 թվականին Գյումրիում 3-6 տարեկան մանկապարտեզահասակ երեխաների 37.73%-ը չի հաճախում քաղաքում գործող համայնքային մանկապարտեզներ և դպրոցներում գործող նախակրթարաններ:

Գրաֆիկական պատկեր_1Սակայն թվարկված գործոններին ավելանում է նաև ծնելիության նվազումն ու ողջ հանրապետությանը բնորոշ շարունակվող արտագաղթը.արդյունքում հանրապետությունում նվազել է մանկապարտեզահասակ երեխաների թիվը: ԽՍՀՄ տարիների համեմատ Գյումրու բնակչությունը կրկնակի նվազել է: Գյումրու ծննդատան, Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական» հիվանդանոցի տրամադրած տեղեկատվությունը փաստում է՝ 2014-2016 թվականներին Գյումրիում ծնելիությունը գնալով նվազել է.2014 թվականին Գյումրիում ծնվել է 1564, 2015 թվականին՝ 1445,  2016 թվականին՝ 1312 երեխա, իսկ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, ՀՀ-ում մշտական բնակչության միջին թվաքանակը 2000-2018 թվականների ընթացքում գնալով նվազել է.եթե 2000-2015 թվականներին վերը նշված թիվն անցնում էր 3 միլիոնից, 2016-2018 թվականներին մեր բնակչության միջին թվաքանակը 3 միլիոնից պակաս է եղել:

Հետազոտությունը շարունակական բնույթ է կրելու՝ բացահայտելու Շիրակի մարզի 16 խոշոր համայնքներում մանկապարտեզ չհաճախող երեխաների թիվը, խոշոր համայնքներից երեքում՝ Գյումրիում, Արթիկում և Անիում այդ ցուցանիշները ներկայացված են: Մանկապարտեզ չհաճախող երեխաների թիվն Անի խոշորացված համայնքում, որն ընդգրկում է 19-ը բնակավայր, շատ մեծ է՝ կազմելով մոտ 70%:

Անի համայնքի Լուսաղբյուր գյուղի մանկապարտեզը 20 տարուց ավել է, ինչ չի գործում: Համայնքում մանկապարտեզ չհաճախող մեծ թվով երեխաների՝ նախադպրոցական կրթության մեջ ներգրավելու և Լուսաղբյուրի մանկապարտեզի վերաշագործման անհրաժեշտության վերաբերյալ հարցերը ներկայացրել եմ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին: Մարզպետն հարցը քննարկել է Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հետ: Քննարկման արդյունքում արձանագրվել է, որ Լուսաղբյուր բնակավայրի մանկապարտեզը շահագործվել է 1992 թվականի հունիսից մինչև 1998 թվականի սեպտեմբեր ամիսը: Մինչ մանկապարտեզի գործունեության դադարեցումը,   ֆինանսավորումն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով, սակայն պահպանման և շահագործման ծախսերը Լուսաղբյուր համայնքին փոխանցվելուց հետո մանկապարտեզը չի շահագործվել՝ ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված: Ներկայումս մանկապարտեզի շենքը ունի վերանորոգման և նոր գույք ձեռք բերելու կարիք.«ՀՀ Շիրակի մարզի Անի միավորված համայնքի ղեկավարը Լուսաղբյուր բնակավայրի հիմնախնդրի լուծման ուղղությամբ տեղեկացրել է, որ մանկապարտեզի շենքի վերանորոգման, գույքավորման և շահագործման հարցը ներառված չէ համայնքի 2018-2022 թվականների զարգացման ծրագրում և համայնքի 2019 թվականի բյուջեով այդպիսի գործառույթների իրականացման համար հատկացումներ չեն պլանավորված, խնդրո առարկա հանդիսացող հարցը առաջիկայում կքննարկվի համայնքի ավագանու հետ»,-նշված է մարզպետարանի գրավոր պատասխանում:

Հետազոտության իրականացման արդյունքում ի հայտ եկած  եզրակացությունները վերաբերում են Գյումրու համայնքապատկան մանկապարտեզների տարեկան ծնողական վարձավճարների՝ նախորդ տարվա Գյումրու բյուջեի  տնտեսված միջոցների հաշվին փոխհատուցման հնարավորությանը, մանկապարտեզների շենքային անբավարար պայմաններով, որոշ համայնքներում դաստիարակների վերապատրաստման անհրաժեշտությամբ և այլ պատճառներով պայմանավորված Շիրակի մարզի որոշ համայնքներում մանկապարտեզ չհաճախող երեխաների մեծ թվին, որն Արթիկում 0-6 տարեկան մանկապարտեզահասակ երեխաների շրջանում կազմում է 42.19%, մարզի որոշ գյուղերում մանկապարտեզների և նախակրթարանների բացակայությանը, մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման անհրաժեշտությանը` (Գյումրիում որոշ համայնքային մանկապարտեզների շենքեր գործում են տնակային պայմաններում՝ «Սուրբ Մարիամ», «Զանգակ» և «Ծիածան» մանկապարտեզները, Արթիկի համայնքապատկան մանկապարտեզների շենքերը մոտ 40 տարվա պատմություն ունեն):

Հետազոտության իրականացման արդյունքում համայնքների բյուջեների մեծացման, հանրապետությունում նախադպրոցական կրթության առավել արդյունավետ կազմակերպման, Գյումրիում նախադպրոցական կրթության զարգացմանն ուղղված առաջարկություններ են ներկայացվել ՀՀ ԱԺ-ին, կառավարությանը, ՀՀ ԿԳՆ-ին, Գյումրու քաղաքապետին, Գյումրու ավագանուն, իշխանությունների ուշադրությունն է հրավիրվել հանրապետությունում ապակենտրոնացման քաղաքականություն վարելու, համայնքների զարգացման անհրաժեշտությանը:

Ըստ Գյումրու քաղաքապետարանի, Գյումրու նախորդ տարվա բյուջեից տնտեսված ազատ միջոցները կազմում են 339 միլիոն դրամ: Մեր հաշվարկով, այս գումարի մեծ մասը՝ 229.974.000 կամ 191.198.460 դրամը լիովին բավարար է Գյումրու համայնքային 23 մանկապարտեզ հաճախող երեխաների տարեկան ծնողական վարձավճարներն ամբողջությամբ փոխհատուցելուն, հաշվարկի հիմք ընդունելով մանկապարտեզներ երեխաների հաճախելիության ցուցակային և տարեկան միջին ցուցանիշները:

2019 թվականի Գյումրու համայնքապատկան 23 մանկապարտեզի տարեկան ծնողական վարձավճարն ընդամենը 229.974.000 դրամ է կազմում: Հաշվարկը կատարվել է երեխաների հաճախելիության ցուցակային թվի և ամեն մի մանկապարտեզում սահմանված ծնողական վարձավճարի հիման վրա.երեխաների հաճախելիության ցուցակային թիվը ըստ Գյումրու քաղաքապետարանի՝ 2545-ն է, այս տարվա ընթացքում երեխաների հաճախելիության միջին թիվը կարող է կազմել 2143-ը, երեխաների հաճախելիության երկու ցուցակների միջև տարբերությունը՝ 402 երեխա: «Լուսաստղիկ» մանկապարտեզի վարձավճարը և հաճախող երեխաների թիվը չի ընդգրկվել հաշվարկներում, քանի որ վարձավճարները փոխանցվում են ոչ թե քաղաքապետարանի, այլ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին:

Գյումրու համայնքապատկան 23 մանկապարտեզի վարձավճարների միջին գինը կազմում է մոտ 7435 դրամ: 2019 թվականին համայնքային բյուջեից միջինը 191.198.460 դրամ գումար է անհրաժեշտ փոխհատուցել, որպեսզի Գյումրիում 2143 երեխա անվճար հաճախի համայնքային մանկապարտեզներ, քաղաքապետարանի՝ մանկապարտեզներին զեղչերի համար հատկացված գումարի դեպքում այն կնվազի շուրջ 7.800.000 դրամով և կկազմի 183.398.460 դրամ, որի կեսը՝ 91.699.230 դրամը կկազմի Գյումրու ընդհանուր բյուջեի 2.55%-ը:

Գյումրու քաղաքապետին, ավագանուն առաջարկվել է համայնքի բյուջեում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու միջոցով Գյումրու համայնքապատկան մանկապարտեզների տարեկան ծնողական վարձավճարների կեսն համայնքային բյուջեից փոխհատուցելու հարցը քննարկել:

 Իմ հաշվարկով Գյումրու 23 համայնքային մանկապարտեզների տարեկան ծնողական վարձավճարների կեսը (համայնքապետարանի կողմից մանկապարտեզներին հատկացված զեղչերի գումարն հանած) կազմում է Գյումրու վարչական բյուջեի ծախսային մասի 2.82%-ը:

Ըստ «Կոմպասս» գիտահետազոտական կենտրոնի նախագահ Ղ.Հարությունյանի, համայնքի բյուջեում կառուցվածքային փոփոխությունների իրականացումը ցանկալի է մինչև 3%-ի սահմաններում, այս տարի Գյումրու ճանապարհաշինական աշխատանքներից մեծ գումարներ կան տնտեսված, որոնք կարող են ուղղվել մանկապարտեզների ծնողական վարձավճարների փոխհատուցմանը:

Բացի այդ, Գյումրու ավագանուն և համայնքապատկան մանկապարտեզների տնօրեններին առաջարկվում է Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան համայնքների օրինակով համայնքային մանկապարտեզներում միասնական, համեմատաբար ցածր սակագին սահմանելու հնարավորության վերաբերյալ քննարկում կազմակերպել: Պահպանելով համայնքային մանկապարտեզներում ծնողական վարձավճարների զեղչային համակարգը որպես հնարավոր տարբերակներից մեկը կարելի է Գյումրու համայնքային մանկապարտեզներում սահմանել միասնական ծնողական վարձավճար՝ ամսական  3700 դրամի չափով, (իրական ծնողական վարձավճարը պայմանականորեն ընդունենք 7400 դրամ, որի կեսը  տարվա ընթացքում համայնքային մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի համար փոխհատուցելու է Գյումրու քաղաքապետարանը): Այս դեպքում հաճախելիության միջին թվով հաշված 23 համայնքային մանկապարտեզ հաճախող 2143 երեխայի համար տարեկան ծնողների վճարած վարձավճարը, որը փոխանցվում է Գյումրու քաղաքային բյուջե կկազմի 95.149.200 դրամ, այդքան գումար էլ տարեկան համայնքային բյուջեից պետք է փոխհատուցվի համայնքային մանկապարտեզներին, որը Գյումրու ընդհանուր բյուջեի 2.65%-ը կկազմի:

Անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել  Շիրակի մարզում մանկապարտեզահասակ երեխաների հաշվառման գործընթացը:

Մարզի  համայնքապետերի կողմից համայնքապետարանների համապատասխան բաժինների միջոցով նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումն իրականացնելիս թվային տվյալները պետք է զետեղվեն համայնքապետարանների կայքերում: Շատ դեպքերում այս գործընթացը թերի է իրականացվում, ուստի «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ  նոր օրենքի նախագծի՝ օրենքի վերածվելու դեպքում մարզպետարանը պետք է վերահսկի Շիրակի մարզի համայնքներում մանկապարտեզահասակ երեխաների ճշգրիտ հաշվառման իրականացման գործընթացը:

Կրթության մասին օրենքով նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումն համայնքի ղեկավարի իրավասությունն է, սակայն այս գործընթացի իրականացման հարցում մեծ համայնքներում առկա են որոշակի խնդիրներ:  Թեև օրենքի առկայությանը, համայնքապետարանների կողմից մանկապարտեզահասակ երեխաների հաշվառման իրականացումը դժվարությունների հետ է կապված.կարող են լինել քաղաքից բացակայող, մի թաղամասից մյուսը տեղափոխվող ընտանիքներ, մանկապարտեզահասակ երեխաների հաշվառման իրականացման համար համայնքապետարաններում ոչ բավարար թվով աշխատակիցների առկայություն:

Չիրականացնելով  հաշվառում, Գյումրիում  մանկապարտեզահասակ երեխաների թվի վերաբերյալ տեղեկատվությունը Գյումրու քաղաքապետարանը ձեռք է բերում «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Գյումրու տարածքային ստորաբաժանում»-ից:

Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի նախկին պետ Հայկ Սուլթանյանի տրամադրած տեղեկատվությամբ, քաղաքում  մանկապարտեզահասակ՝ 3-6 տարեկան հաշվառված երեխաների թիվը 2019 թվականի մարտի դրությամբ կազմել է 4996 երեխա:

Իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն Շիրակի մարզի այն համայնքների վրա, որտեղ համայնքային մանկապարտեզները կամ նախակրթարանները բացակայում են: Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի սպորտի վարչությունից բանավոր տրամադրված տեղեկատվության համաձայն, Շիրակի մարզի Հայկասար, Լուսակերտ, Գետափ, Տուֆաշեն, Հովտաշեն, Անիպեմզա, Անի կայարան կամ Անիավան՝ (վերջին երկուսն Անի համայնքի կազմում են գտնվում), Լեռնուտ, Փոքրաշեն, Կապս (Կապսի վթարային դպրոցում նախակրթարան բացելն հնարավոր չէ, այն Մարմաշեն խոշորացված համայնքի կազմում է գտնվում), Կրաշեն գյուղերում մարզպետարանի, համայնքային ենթակայության նախակրթարաններ, մանկապարտեզներ չկան:

Գրաֆիկական պատկերՆշեմ որ Շիրակի մարզի որոշ գյուղեր աղետալի վիճակում են, դրանցում բնակվողներ չկան, ուստի այս շրջաններում, ինչպես Նորշենն ու Բարձրաշենն են նախադպրոցական կրթության գոյության կամ զարգացման մասին խոսք լինել չի կարող:

Շահագրգռված լինելով Շիրակի մարզում նախադպրոցական կրթության զարգացմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հետաքրքրվել եմ, թե Շիրակի մարզում այս ուղղությամբ ինչպիսի աշխատանքներ են իրականացվելու:

ՀՀ ԿԳՆ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն, «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում 2019-2020 ուսումնական տարվա ընթացքում նախակրթարաններ կհիմնվեն Շիրակի մարզի Ցողամարգի, Ախուրիկի, Կրասարի և Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցներում: Հաստատություններին տրամադրվող դրամաշնորհի առավելագույն արժեքը կազմում է 22.000 ԱՄՆ դոլլարին համարժեք դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքի շուրջ 75%-ը կազմում է դրամաշնորհի գումարը, մնացած 25%-ը՝ համայնքի  ծնողական ներդրումները:

2008-2018 թվականների ընթացքում «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում Շիրակի մարզում իրականացվել են նոր նախակրթարանների հիմնման 72 միկրոծրագրեր»:

Վերջում անդրադառնամ հանրապետությունում ապակենտրոնացման քաղաքականության իրականացման և համայնքների տնտեսական զարգացման անհրաժեշտությանը:

Իմ կատարած հաշվարկով, մայրաքաղաքում ՀՀ ազգաբնակչության 36.24%-ի կենտրոնացվածությունը, համայնքային բյուջեների՝ իշխանություններից մեծ չափերի հասնող կախվածությունը վկայում է մյուս համայնքների թույլ զարգացվածության մասին: Միայն Գյումրուն պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է Գյումրու հաստատված տարեկան բյուջեի 59.65%-ը: Համայնքային բյուջեների՝ լրացուցիչ գումարներով համալրելն անհրաժեշտ է, որպեսզի համայնքներն ինքնուրույն կարգավորեն իրենց հուզող մի շարք հիմնախնդիրներ: Այդ լուծումներից մեկը կարող է լինել ՏԻՄ օրենքի 86-րդ հոդվածի կիրարկումը՝ համայնքներին եկամտահարկից մասհանումների իրականացումը, որը 17 տարի շարունակ չի իրականացվել:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, մասհանումների հետ կապված որոշ հիմնախնդիրներ կարգավորելուց հետո նոր միայն նպատակահարմար է անդրադառնալ այս հարցին:

Լրատվական հոդվածի, հետազոտության մշակված PDF տարբերակները գրաֆիկական պատկերներով՝

https://newsandinvestigationswebsite.files.wordpress.com/2019/07/mrcuyti-nyut-converted.pdf

https://drive.google.com/file/d/1YDPQYlWABrZGLiAlW4oR1yctd-LVzh8x/view?fbclid=IwAR1ptQfhXiqbdb3psuVP_2PdoUE06hKkCFo0WkrblYmhfh0RKFhBVyrHMPg

Հետազոտության, գրաֆիկական պատկերների հեղինակ՝ Անահիտ Սիմոնյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s