Սիրիահայերը ցանկանում են Հայաստանը տնտեսապես հզոր տեսնել

Երևանում բնակվող Անդրանիկ Մատարեանի ընտանիքը Սիրիայի Հալեպ քաղաքից  գաղթել է այնտեղ  տեղի ունեցած պատերազմական գործողություններից հետո: Արդեն 5 տարի է, ինչ բնակվում են Հայաստանում:  Անդրանիկն ՀՀ-ում մասնավոր գործ ունի, ընտանիքի մյուս անդամներն աշխատանք չունեն, գումարի պակասի պատճառով չեն կարողանում սեփական բնակարան  գնել, ապրում են վարձակալական հիմունքներով:

Զրուցակիցս սիրիահայերի հիմնական խնդիրն համարում է  աշխատանք և  բնակարան չունենալը: Իր կարծիքով դա է պատճառը, որ 2012, 2013, 2014 թվականների համեմատ Հայաստանում սիրիահայերի թիվն աստիճանաբար նվազեց, որոշները գնացին Կանադա և այլ երկրներ:

andranik_madarian_2

Ա.Մատարեանը չի ցանկացել լքել Հայաստանը.«Գոնե գիտես, որ ստեղ քո երկիրն է, օտարության մեջ չես,-ասում է Անդրանիկը շարունակելով,-ախպերս ճարտարապետ է, կռիվների պատճառով 2012 թվականին Սիրիայից եկավ Հայաստան, այնուհետև գնաց Էմիրատներ աշխատելու: Թեև Սիրիայում աշխատավարձն ավելի ցածր էր, սակայն դրանով շատ բաներ կարելի էր գնել: Մենք այնտեղ սեփական տուն ունեինք:  Մասնավոր էի աշխատում, ավտոյի մասեր էինք վաճառում:

Սիրիան հզոր տնտեսություն ուներ, այնտեղ ամեն ինչ արտադրում էին՝ ձիթապտուղ, բամբակ, ամեն տեսակի գործարան կար՝ հագուստի, շորեղենի, սննդի, նաև անվճար հիվանդանոցներ կային»:

Զրուցակիցս հույս ունի, որ կոռուպցիան մեր երկրում արմատախիլ կարվի, տնտեսությունը կզարգանա: Համարում է՝ այժմ Հայաստանի իշխանությունն ավելի լավը կլինի, քան նախկինը, սակայն դեռ խնդիրներ կան, քանի որ հարկուտուրքերն են շատ:

Նա հավելեց, որ Հայաստանում երբևէ խտրականության չի հանդիպել, հեշտ է ինտեգրվել տեղի հասարակությանը:

Ինձ հետ զրույցում սիրիահայերից ոմանք ևս կարևորեցին Հայաստանի տնտեսական հզորության ապահումը որպես արտագաղթը կանխելու հիմնական նախապայման:

«Սիրիահայերի հիմնախնդիրներն համակարգող» կենտրոնի նախագահ Ջորջ Բարսեղյանի խոսքով, վերջին տվյալներով Հայաստան ներգաղթած սիրիահայերի թիվը մոտ 21000-ն է, որից մոտ 8000-ն է գնացել.«Համարյա նույն խնդիրներով են տառապում սիրիահայերը, ինչ մյուս ՀՀ  քաղաքացիները կապված տնտեսական ճգնաժամի, կենցաղային պայմանների,  աշխատավարձերի, սղաճի հետ:

Նրանք հողի մշակման հետ քիչ են կապված, ավելի շուտ արհեստավորներ են, բժիշկներ, մեխանիկներ,  իրենց աշխատանքին մոտիկ լինելու համար մեգապոլիսներում են ապրում և չեն կարողանում շրջաններում բնակվել: Այդ պատճառով բնակարանային վարձը  Երևանում շատ բարձր է լինում: Մի բան, որ հիմնական աշխատավարձի առյուծի բաժինն է խլում, ուստի քիչ բան է  մնում սիրիահային, որպեսզի, կոպիտ ասած ապրի»:

Սիրիահայերի մի մասն իր զբաղվածությունն ապահովում է  առևտրի ոլորտում, սակայն կան նաև հաջողակ գործարարներ, որոշներն էլ շատ բաներ փորձել են, սակայն ինչ-ինչ պատճառներով հաջողության չեն հասել:

Սիրիահայերը բնակարանային խնդիրներ ունեն

«Նոր Հալեպ» թաղամաս ուզեցինք կառուցել, կառավարությունը հողատարածքը տվեց, սակայն չկարողացանք բավարար չափով բարերար գտնել, որպեսզի թաղամասը կառուցեինք, այդպես էլ ծրագիրն օդի մեջ մնաց: Անցած 6 տարվա մեջ հաճախ է եղել, որ բարերար է եկել և փոխհատուցել որոշ սիրիահայերի բնակարանի վարձակալության վարձավճարի մի մասը: Խիստ կարիքավոր՝ 200-ից ավել ընտանիքների մի մասի բնակարանային վարձի որոշ մասը բարերարներն են հոգացել: Կան նաև սիրիահայեր, ովքեր բնակվում են հանրակացարաններում:

Հիմնականում բարեգործական, բարեսիրական կազմակերպություններն են օգնություն ցուցաբերում՝ հագուստ, սնունդ: Նյութական, դրամական, որ ասեմ հազիվ թե, բայց պատահում է»:

Սիրիահայերի կրթական հիմնախնդիրների վերաբերյալ Ջ.Բարսեղյանը կարևորեց համալսարաններում սովորողների վարձավճարների որոշակի փոխհատուցումը.«Զգալի տոկոսը լրացնում է Գյուլբենկյան ֆոնդը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը և կառավարությունը»:

«Սիրիահայերի հիմնախնդիրներն համակարգող» կենտրոնի նախագահը կարևորեց Իզմիրլյան հիվանդանոցի դերը սիրիահայերին զեղչված գներով բուժօգնության  և Իզմիրլյան ֆոնդի՝ սիրիահայերի առողջական խնդիրների լուծման համար օգնության ցուցաբերումը շեշտելով.«Նախորդ 6 տարիներին սիրիահայերի առողջական խնդիրների մեծ մասը հոգացել են ՀՀ կառավարությունը, Սփյուռքի և առողջապահության նախարարությունները, որոնց ջանքերով սիրիահայերի մեծ մասը բուժվել են պետպատվերի շրջանակներում»:

Նախկի՞ն, թե՞ ներկա իշխանությունների վարած քաղաքականությունն էր բարենպաստ սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու տեսանկյունից:

Հարցին Ջ.Բարսեղյանը պատասխանեց` նախկին կառավարությունն օգտակար է եղել իրենց.«Դրա համար սիրիահայերն իրենց շնորհակալությունն են հայտնում նախկին իշխանություններին:

ՀՀ նոր իշխանություններն իրենց գործունեությունը ծավալել են կարճ ժամանակահատվածում: Սիրիահայերը ողջունում են հեղափոխությունը, այն նորը, որը գալու է, այնպես, ինչպես ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը»:

Գլխավոր լուսանկարը lragir.am

 Անահիտ Սիմոնյան

Опубликовано Journalist Anahit Simonyan

Որպես անկախ լրագրող տեղադրում եմ նյութեր տարբեր ոլորտների վերաբերյալ: Я независимая журналистка, пишу материалы о разных сферах. I am a freelance journalist, writing materials about different spheres.

Оставьте комментарий

News and investigations

I'm a freelance journalist, writing materials about different spheres. I can be contacted via the following email, со мной можно связаться по следующей электронной почте, anaitsimonyan@gmail.com.

World and Global News Site

Just another WordPress.com weblog

Global News Spider

Just another News Board ;)

News of the Global World

Just another WordPress.com weblog

Oracle mechanics

Производительность СУБД и смежные вопросы

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Հոգևոր-մշակութային կայք - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ironed Curtains

By and for Americans with Soviet roots